Հայաստանը կհրաժարվի՞ ցեղասպանության ճանաչման պահանջից. Նիկոլ Փաշինյանի պատասխանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց ասուլիսում անդրադարձավ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության հարցին։ Թուրքական կողմը խոսում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, ընդդիմադիրներն ասում են, որ Հայաստանը գնալով հարաբերություններ հաստատելու ճանապարհով՝ ընդունում է Թուրքիայի նախապայմանները։

«Ես այդ տրամաբանության հետ համաձայն չեմ, որովհետև, ինչպես ասացի, միջանցքային տրամաբանությամբ հարցեր չենք քննարկել ու չենք քննարկելու։ Թուրքիայի հետ հարաբերությունների առումով, եթե հարցը դնենք կոմունիկացիաների տրամաբանության մեջ, ես ասացի, որ մեզ համար կարևոր է տարանցիկ ուղիներ ստեղծելու, կառուցելու օրակարգը։ Եվ, օրինակ, Թուրքիայի հետ հարաբերություններում, եթե պարզվի, որ այս հնարավոր բացվող, ստեղծվող կոմունիկացիաներն ավելի ընդարձակ ու մեծ տարածաշրջանային նշանակություն կարող են ունենալ, դա, իհարկե, մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է։

Օրինակ՝ հայ-թուրքական երկաթուղու և սահմանի բացումը։ Հիմա խոսք է գնում օդային հաղորդակցության վերաբացման մասին, ինչը մենք դրական ենք գնահատում և ողջունում ենք այդ մոտեցումը։ Հույս ունենք, որ փոխադարձ թռիչքները կսկսվեն։ Այսինքն՝ մեր ակնկալիքը հարաբերությունների փոխադարձ կարգավորումն է, բայց էլի եմ ասում՝ պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ բարդ խնդրի հետ, որն ունի բազմաթիվ նրբություններ, զգայություններ, այդ հարցի վերաբերյալ ՀՀ-ում կա շատ էմոցիոնալ վերաբերմունք»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ և Թուրքիայի, և Ադրբեջանի հետ հարաբերություններում չհիմնավորված լավատեսություն չպետք է արտահայտել, որովհետև այդ լավատեսության հիմքը չկա։ Կողմերն արտահայտում են ցանկություն՝ խոսելու, փորձ անելու՝ լավատեսության համար հիմք ստեղծել։ Նա նշեց,որ այս պահին դեռ Թուրքիայի ու Հայաստանի բանագնացների հանդիպում նախատեսված չէ։ Ըստ նրա՝ ՀՀ ԱԳՆ-ում կձևավորվի աջակցող խումբը, որը բանագնացին աջակցություն կհայտնի։ Ըստ նրա՝ կարևոր է, որ բանակցողը լինի քաղաքական իշխող թիմի ներկայացուցիչ, հետևաբար ընտրվել է Ռուբեն Ռուբինյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է հարաբերությունների կարգավորման համատեքստում հայկական կողմը հրաժարվի Ցեղասպանության պահանջից, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Հայկական կողմը, Հայաստանի բոլոր իշխանություններն առանց բացառության ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայամանների, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել։ Չի եղել այդպիսի բան երբևէ։ Ընդ որում, մեր կառավարությունը կրկնել է այդ նախադասությունը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, առանց նախապայմանների։ Իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում մենք կառավարության ծրագրում մեր տեսակետը ձևակերպել ենք»։

Ըստ Փաշինյանի՝ եթե բանակցային գործընթացը հաջող ընթանա, դրան հաջորդելու են բարձր մակարդակով հանդիպումներ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.