Նոր եռակողմ հանդիպում․ պայմանագրեր կկնքվե՞ն

Սանկտ Պետերբուրգում նախապատրաստվում է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հավաք, հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները հայտնել էին, որ Փաշինյանն ու Ալիևը կարող են կրկին հանդիպել մինչև տարեվերջ՝ համաձայնագրեր կնքելու համար։ Նոյեմբերի 26-ին Սոչիի հանդիպումից հետո դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցավ հանդիպում, որտեղ կային որոշակի նրբերանգներ։ Մասնավորապես, հանդիպումից հետո Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ասել է, որ ավտոճանապարհների բացման շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, և խոսքը միայն երկաթուղու մասին է, որի շինարարության ժամկետը որոշված ​​չէ։ Մինչ այդ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է 3+3 ձևաչափով առաջին հանդիպումը, որին Վրաստանը չի մասնակցել։

Դեկտեմբերի 21-ին Բաքու կատարած այցից հետո Երեւան ժամանեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որի հետ հանդիպումից հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ քննարկվում է Երասխ-Նախիջեւան-Մեղրի-Հորադիզ ճանապարհի բացման տարբերակը՝ չսպասելով հայ-իրանական սահմանի երկայնքով ճանապարհ անցկացնելուն, որի շինարարությունը կարող է տևել երեք տարի։ Քննարկվել են նաև Իջևան-Ղազախ երկաթուղու բացման հնարավորությունները, ասաց նա։

Բաքվի լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին, անմիջապես հայտնեցին, որ մինչ Աղբենդ-Մեղրի-Նախիջևան նոր երկաթուղու շահագործումը, խոսք լինել չի կարող Նախիջևանի տարածքով Իրանի հետ Հայաստանի հաղորդակցության, ինչպես նաև այլ ուղղություններով կոմունիկացիաների վերականգնման մասին։

Նույն օրը Իրանի ԱԳ նախարարը և Վրաստանի պաշտպանության նախարարը մեկնել են Բաքու և Ալիևի հետ կնքել պարտավորեցնող պայմանավորվածություններ։ Իսկ Բաքվում Ղրղըզստանի դեսպանը հայտարարել է 5+3 նախաձեռնության մասին՝ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի պետություններն առանց Ռուսաստանի, ինչը դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել։

Նույն օրը Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու «նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր»։ Միրզոյանն ու Լավրովը նշել են նաև սահմանազատման և սահմանագծման մեխանիզմների ձևավորման կարևորությունը։

Թուրքիան, որը Ռուսաստանի աջակցությամբ ամրացել է Հարավային Կովկասում, այն վերածում է հետխորհրդային տարածքներում ընդլայնման ցատկահարթակի։ Ռուսաստանը հայտարարում է, որ «թյուրքական աշխարհի ստեղծման մեջ վատ բան չկա»՝ խրամատավորվելով իր արևմտյան սահմաններին։

Հայաստանը Ռուսաստանի ու Փաշինյանի ջանքերով դառնում է թյուրքական աշխարհի անբաժանելի մասը՝ զրկելով «իմունիտետից» ոչ միայն Վրաստանին ու Իրանին, այլև Եվրոպային։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am