Արթուրը հաճախ էր գնում Եռաբլուր։ Շաբաթական մեկ կամ երկու անգամ այցելում էր Մոնթեի շիրիմին, մաքրում էր շուրջը, ջրում ծաղիկները։ Գիտեր պանթեոնում հանգչող հերոսների անունները, սխրանքներն ու պատմությունները։ Մի անգամ արտասահմանում մեծացած հորաքրոջ որդուն ուղեկցել էր Եռաբլուր ու ասել․ «Իսկական հայրենիքը սկսվում է այստեղից, եթե այս հերոսները չլինեին, քո հայրենիքը չէր լինի»։
Հիմա Արթուրն էլ է այդ հերոսներից մեկը․ նա զոհվեց Արցախյան երկրորդ պատերազմում եւ իր վերջին հանգրվանը գտավ Եռաբլուրում։
«Բացառիկ էր, անթերի, տարբերվող»,- ասում է Արթուրի մեծ քույրը՝ Անին։
2001 թվականին էր ծնվել, յոթ տարեկանից զբաղվել էր կիոկուշին կարատեով։ Մարզաձեւում բազում հաջողություններ էր գրանցել։ Տասնհինգ տարեկանում, ինչպես ինքն էր ասում, «Ոսկե հեթ տրիկ» կամ «Թրեբլ» է ձեւակերպել․ այդ տարի նա հաղթել էր երեք գլխավոր մրցաշարերում ու ստացել Երեւանի, Հայաստանի, Եվրոպայի գավաթները։ Վերջինս ամենաշատն էր կարեւորում, քանի որ ե՛ւ կիսաեզրափակիչում, ե՛ւ եզրափակիչում մրցել էր ադրբեջանցի մարզիկների հետ եւ երկուսին էլ նոքաութի ենթարկել։ Եզրափակիչի մրցակիցն իրենից բարձրահասակ է եղել ու ավելի հաղթանդամ, նույնիսկ հորը կատակով ասել էր, որ իր հարվածներից ինքն է ցավ զգացել։ Բայց այդ ամենը չէր խանգարել երիտասարդին ոտքի պտույտով հարված հասցնելու ու ժամանակից շուտ հաղթելու ադրբեջանցի մարզիկին։
«Տասնհինգ տարեկան էր այս նկարում, երջանիկ էր, կապտուկներով պատված, բայց հպարտ ու ժպիտը դեմքին»,- ցույց է տալիս նկարը Արթուրի մայրը՝ Հրանուշը։
Երիտասարդը կատակասեր էր, քույրերը վերհիշում եւ պատմում էին նրա կատակները: «Երբ մամայի հետ գնում էին խանութ, եւ մաման հարցնում էր, թե գումար վերցնի հետը, Արթուրը պատասխանում էր՝ «Մամ ջան, բա ամոթ չի՞, տղայիդ հետ ես, իհարկե վերցրու»»,- ծիծաղում է Անին։ Արթուրի կատակները հիշելով են ուրախանում, միմիայն դրանք են կարողանում ընտանիքի անդամների երեսին ժպիտ բերել։
Անսահման սիրում էր ֆուտբոլը, «Ռեալ Մադրիդ» ակումբի երկրպագու էր, սիրելի ֆուտբոլիստն էլ դարպասապահ Իկեր Կասիլյասն էր: Սիրելի ակումբի տարբերանշանով մարզաշապիկ եւ շարֆ ուներ։ Շատ էր սիրում այդ բրդյա շարֆը, ամառվա շոգին էլ էր կապում։
Թեեւ Արթուրը կարատեի սեւ գոտի էր ստացել եւ բազում գավաթներ նվաճել, նա որոշել էր նվիրվել կրթությանը։ Զուգահեռ ԵՊՀ երկու բաժիններում էր սովորում՝ բանասիրության եւ հանրային կառավարման։ Սովորում էր գերազանց, արդեն տպագրված երկու գիտական հոդված ուներ, որոնցից մեկը Երուսաղեմի «Սիոն» ամսագրում էր լույս տեսել։ Այդ հոդվածում ներկայացրել էր Րաֆֆու «Սամվելի» հոգեբանական վերլուծությունը՝ արդարացնելով հանուն հայրենիքի հերոսի արարքը։ «Սամվելը» Արթուրի սիրած գրքերից էր, նրա կարդացած առաջին հայրենասիրական վեպը։ Այս գիրքը ընթերցելուց հետո Արթուրի մեջ սեր ծնվեց դեպի հայ գրականությունը, իսկ հայրենասիրությունը նրա մեջ էր դեռ փոքրուց։
Սուքիասյանների ընտանիքը դժվարանում է բացատրել, թե ինչով էր պայմանավորված Արթուրի հայրենասիրությունը։ Գուցե պատճառն այն էր, որ հղիության ժամանակ մայրը Աղավնիի «Անիի պաշտպանությունն» ու այլ պատմավեպեր էր կարդացել. պատճառները կարեւոր չեն, էականն այն է, որ հայրենիքը Արթուրի համար առաջին տեղում էր։
«Երբ երկու-երեք տարեկան էր, ասում էր, որ Մասիսը ինքն է հետ բերելու ու մեր շենքում է տեղադրելու։ Իսկ հարցին, թե ինչ է անելու լեռը, պատասխան չուներ. կարեւորը հետ բերելն էր»,- հիշում է Գագիկ Սուքիասյանը՝ Արթուրի հայրը։
Ծառայության ընթացքում մի անգամ ռազմական ոստիկանության սպաներից մեկը, Արթուրի մոտ հեռախոս նկատելով, վերցրել է ձեռքից ու ներկայացրել հրամանատարական կազմին։ Երբ միացրել են հեռախոսը եւ տեսել գլխավոր պաստառը, հեռախոսը վերադարձրել են զինվորին․ էկրանին մեր եռագույնն էր՝ վրան ուրվագծված Հայաստանի քարտեզը։
Արթուրի բանակ զորակոչվելուց առաջ քույրը՝ Սեդան, բլից հարցեր է տվել եղբորը եւ դրանք գրի առել: Սեդան գտավ եւ բերեց նոթատետրը. այն հարցին, թե որն է իր կյանքի նպատակը, երիտասարդը պատասխանել էր՝ «Ի բարօրություն ժողովրդի դառնալ վարչապետ. դա նպատակ չէ, այլ միջոց, որը հնարավորություն է տալիս ամեն ինչ լավ անելու, ժողովրդին լավ պահելու. եթե վարչապետ չդառնամ, կյանքիս որակը չի վատանա, բայց դառնալով ես կունենամ ուժեղ լծակներ»։
Արթուրը բանասիրական ֆակուլտետ էր ընդունվել, որ գրագետ, հստակ եւ ճկուն խոսք ունենար։ Ապագա առաջնորդը կարդում էր անցյալի եւ ներկայի մեծ առաջնորդների գրքեր՝ Հիտլերի «Իմ պայքարը» (Mein Kampf), Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարարը», Էմանուել Մակրոնի «Հեղափոխությունը», Ուինսթոն Չերչիլի գործերը եւ այլն։ Այդ գրքերը կարդալով՝ նա փորձում էր հասկանալ կառավարման մեխանիզմները՝ հետագայում սխալներից խուսափելու համար։
«Մեծ ոգեւորությամբ մեկնեց բանակ։ Ասում էր, որ պետք է Ղարաբաղում ծառայի, նույնիսկ կատակում էր, որ Բաքու է հասնելու»,- պատմում է Անին։
Դեռ դպրոցում Արթուրն ասում էր, որ Ղարաբաղի հարցը բանակցությունների սեղանին չի լուծվելու, պատերազմ է լինելու, ուղղակի սպասում են, որ ինքը զորակոչվի։ Նա չսխալվեց։ Կռիվը սկսվեց այն ժամանակ, երբ նա բանակում էր։ Պատերազմի ընթացքում վնասվածք էր ստացել, հոսպիտալում չէր համաձայնել երկար մնալ, չորրորդ օրը վերադարձել էր դիրք։
«Իր խրոխտ ձայնով ասում էր՝ ես լավ եմ»,- արցունքները չի կարողանում զսպել մայրը։ Թեեւ ընտանիքին ասել էր, որ հոսպիտալից ապահով տեղ է տեղափոխվում, իրականում նրան տարել էին Մարտունի (Մոնթեաբերդ), որտեղ էլ հոկտեմբերի 30-ին զոհվել է։ Ընտանիքը որդու մահվան լուրը ստացել է հենց նրա ծննդյան օրը։
«Չէինք հավատում, դժոխք էր ուղղակի»,- ասում է Սեդան։
Պատերազմական դաշտում մի կամավորի հետ էր ծանոթացել. վերջինս կապ էր հաստատել Արթուրի ընտանիքի հետ, եկել երիտասարդի շիրիմին այցի։ Հիացած էր նրանով եւ միեւնույն ժամանակ զարմացած, որ տասնիննամյա տղան նման մտածելակերպ եւ ներաշխարհ ուներ. Արթուրը չպետք է զոհվեր, նա մեր ժողովրդին պետք էր:
Հոկտեմբերի 11-ին, ԵՊՀ «Հայ բանասիրության» ֆակուլտետի ուսանողական-գիտական ընկերության (ՈՒԳԸ) և պրոֆեսորադասախոսական կազմի համատեղ ուժերով տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին և Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Արթուր Սուքիասյանի հիշատակին։
Մեկ րոպե լռությամբ զոհված հայորդիների հիշատակը հարգելուց հետո ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը հանդես եկավ ողջույնի և բացման խոսքով։
Անկախության 30 տարիների ընթացքում ստեղծված գրականության, գրականություն մուտք գործած թեմաների և փոփոխությունների, գրական երկի վրա պատերազմի անմիջական ազդեցության
մասին խոսեցին ֆակուլտետի դասախոս, բ.գ.դ., պրոֆ. Ժենյա Քալանթարյանը և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը։
Այնուհետև Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Արթուր Սուքիասյանի մասին իրենց հուշերով կիսվեցին ֆակուլտետի դասախոսներ, բ.գ.թ., դոցենտ Աշխեն Ջրբաշյանը և բ.գ.դ., պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը։
Վերջինս իր խոսքում նշեց. «Շնորհալի պատանին այդ կարճ միջոցում արդեն հասցրել էր տպագրել գրականագիտական 2 լրջմիտ հոդվածներ։ Տաղանդավոր, բարի, լուսավոր ու վաղամեռիկ այս պատանին հայրենի եզերքի ամենաարժանավոր զավակներից մեկն էր»։
Փակման խոսքում ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գոհար Վահանյանը կարևորեց հայրենիքի նվիրյալ իրենց ընկերոջ հետևյալ միտքը:
«Ինչպես Արթուրն էր ասում, հայրենիքը սկսվում է Եռաբլուրից. նա գնաց ու ձուլվեց հայրենիքին, նրա մի մասնիկն ու լույսը դարձավ։ Արթուրը և մեր հերոս տղաներն են մեր Անկախության խորհրդանիշը»։
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հերոսի անվան լսարանի բացումը։