Ողբերգական Դեպք. «Տատի՛, գնում եմ բերդերում փտելու», մորթել է քրոջն ու նրա 5-ամյա որդուն...Ինչն է եղել պատճառը,ապշել կարելի է.

1994 թվականի սեպտեմբերի 13-ին Մարտունու շրջանի գյուղերից մեկում հայտնաբերվել էին 30-ամյա Մանուշ Դ.-ի ու նրա 5-ամյա որդու՝ Վարդանի դիակները:

Սպանությունից 8 ժամ անց մեղայականով Մարտունու շրջանի ՆԳԲ էր ներկայացել Մանուշի 27-ամյա եղբայրը՝ Հարութը:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Մանուշ Դ.-ի մարմնին առկա էին «գանգուղեղի բաց, սուր վնասվածք, գանգոսկրի բազմաբեկոր կոտրվածքներ՝ ուղեղանյութի վնասումով: Պարանոցի կտրված վերքեր՝ պարանոցի լրիվ հատումով: Կյանքի հետ անհամատեղելի կոպիտ վնասվածքներ: Դեմքի, գլխի փափուկ հյուսվածքների, կրծքավանդակի և վերին վերջույթների կտրված վերքեր: 12-15 շաբաթական հղիություն…»:

Փոքրիկ Վարդանի վերաբերյալ եզրակցությունը պակաս սահմռկեցուցիչ չէր. «Պարանոցի կտրված վերքեր՝ պարանոցի լրիվ հատումով, ողնաշարի, ողնուղեղի, զարկերակի լրիվ վնասումով: Կյանքի հետ անհամատեղելի կոպիտ վնասվածքներ: Աջ ուսագոտու սալջարդ վերք…»:

Մանուշն ամիսներ առաջ էր ամուսնալուծվել, երկու երեխայի հետ հայրական տուն էր վերադարձել:

Դեպքի օրը Մանուշի ու եղբոր՝ Հարութի միջև վեճ էր ծագել… խոտը դիզելու հարցի հետ կապված…

Անձրև էր մաղում: Բակում փռած խոտը հավաքել, դիզել ու ծածկել էր պետք: Տատը գնում-գալիս՝ ասում էր. «Ա՛յ Հարութ, էն խոտը կթրջվի, հերդ ու մերդ մինչև սարատեղից գան, խոտը կփչանա…»:

Հարութը տանը պառկած էր: Ըստ իր հավաստիացումների՝ հիվանդ էր՝ ոտքը ցավում էր, սիրտը ցավում էր, ձեռքը ցավում էր, գլուխը ցավում էր՝ չէր կարողանում շարժվել… Բայց տատի խոսքերից նեղվելով՝ վեր էր կացել, եղանն առել ու փորձել էր խոտը հավաքել: Ասում է՝ «չկարացի»:

Տուն էր մտել, քրոջը՝ Մանուշին ասել էր. «Մանո՛ւշ, արի խոտը հավաքի»:

Մանուշը լվացք էր անում՝ սեփական սպիտակեղենը օճառաջրի մեջ տրորում էր ու եղբորը կոպիտ էր պատասխանել. «Գնա՛, հավեսդ չունեմ»:

Հարութը նորից էր պահանջել, բայց Մանուշը մնացել էր անդրդվելի: Հարութի հետագա բնութագրմամբ՝ Մանուշը «լրբացել էր». «Ես ձեր տան ծառան չեմ»:

Հարութը խոտը հավաքել-դիզելու վրա էլի էր չարչարվել, տատին էլ ուղարկել էր «կարտոլ քանդելու», որ ուտելու բան սարքի:

Տատը սուսուփուս անցել էր գործի:

Հարութը խոտի հետ կռիվ տալով՝ մտովի հանդուգն քրոջ հետ էր կռվել: Զայրույթը այնքան էր թանձրացրել հոգում, որ ինքն իր կուտակած զայրույթին չէր դիմացել, եղանը մի կողմ էր նետել ու լայն քայլերով տուն էր մտել:

Մանուշի սպիտակեղենը արդեն լոգարանում փռած էր: Իսկ Մանուշը ննջարանում ծածկոցը գլխին էր քաշել ու քնել: Մանկական մահճակալում նրա հնգամյա որդին՝ Վարդանիկը, փորը բաց խաղում էր:

Հարութը քրոջ վրայից քաշել-վերցրել էր ծածկոցը, Մանուշին էլ քաշել-նստեցրելէր: Քույր ու եղբայր իրար անպատվել էին: Երեխան լուռ նայում էր նրանց:

Հարութը փորձել էր Մանուշին ուժով տեղից հանել ու տանել աշխատեցնելու: Քարշ էր տվել միջանցք:

Մանուշն ուժեղ կին էր: Նրան այդ ձևով աշխատեցնել հնարավոր չէր: Դուրս էր պրծել եղբոր ձեռքից, գոռգոռացել էր: Ու հենց այդ ժամանակ Հարութի հայացքը կանգ էր առել բազմոցի տակ ընկած կացնին: Մանուշն արդեն իր սենյակ էր մտել:

Հարութը, կացինն առած, հասել էր նրան, կացնի սուր մասով հարվածել էր քրոջ թևին: Արյան առաջին շիթից Հարութը կարծես հարբել էր:

Գյուղական ննջարանում իսկական գոտեմարտ էր սկսվել: Երեխան դեռ լաց չէր լինում, նայում էր: Մանուշը փախել, մտել էր մի ուրիշ սենյակ: Հարութը վրա էր հասել: Բոլոր հարվածները հասցրել էր կացնի սուր մասով: Մանուշն ընկել էր, բայց եղբորից գթասրտություն չէր աղերսել: Անիծել էր:

Հարութի պատմածից. «Կացնով երկու անգամ խփեցի ուղիղ Մանուշի վզին, որից հետո ուժեղ արյուն եկավ»:

Քրոջը գլխատելուց հետո արնաթաթախ Հարութը շրջվել ու տեսել էր, որ փոքրիկ Վարդանիկը կանգնած է սենյակի շեմին, ոչ այն է՝ լալիս է, ոչ այն է՝ փոքրիկ գառան ձայն է հանում… Հենց գառնուկի նման էլ նա կռացել էր այն մարմնի վրա, որ քիչ առաջ նրա մայրն էր՝ ուրախ, ջերմ, մայրական…

Հարութը մի բան էր մտածել. «Սա ինձ կմատնի, ամեն բան կպատմի»:

Հարութի պատմածից. «Նույն կացնով հետևի կողմից հարվածեցի Վարդանիկի վզին…»:

Հարութը հանել էր արյունոտ շորերը, թողել էր սպանվածների կողքին, կացինը գցել էր միջանցքում, ձեռքերը արյունոտ՝ գրկել էր տատին ու ասել էր. «Տատի՛, գնում եմ բերդերում փտելու»:

Դուրս էր եկել տանից, թափառել էր դաշտերում: Երբ մութն ընկել էր, ոտքով հասել էր Մարտունի, մտել էր ոստիկանություն ու ասել էր. «Քրոջս սպանեցի»:

Հայրական տանը ոչ ոք չգիտեր, որ Մանուշը հղի է, Հարությունն էլ չգիտեր…

Կատարվածը այնքան դաժան էր, որ Հարութին ուղարկել էին ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության: Մեկ ամիս անց ստացվել էր փորձաքննության եզրակացությունը. «Փորձաքննվողը զրույցի է բռնվում դժվարությամբ: Գիտակցությունը պարզ է, կողմնորոշման ձևերը՝ ստույգ: Այն հարցին՝ իրեն համարո՞ւմ է հոգեկան հիվանդ, պատասխանում է խուսափողական: Երբ հարցերը վերաբերում են կատարածին, լռում է, փախցնում է հայացքը, հուզվում է, աչքերում արցունքներ են հայտնվում, դժկամությամբ է պատասխանում հարցերին, փորձում է փոխել թեման: Նվազեցնում է իր մեղքը… Գիտակցության կորուստով նոպա չի ունեցել: Մտածողությունը հետևողական է, հիշողության կոպիտ խանգարումներ չեն հայտնաբերվում: Հոգեկան գործունեության որոշ փոփոխությունները արտահայտված չեն այն աստիճանի, որ զրկեին նրան իր գործողությունների համար հաշիվ տալու, դրանք ղեկավարելու հնարավորությունից: Հարություն Դ.-ն իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ մեղսունակ է»:

Գերագույն դատարանում Հարութը փորձում էր հիվանդ ձևանալ: Բոլոր հարցերին մեկ պատասխան էր տալիս. «Չհիշամ»:

Նա լավ հիշում էր, որ մոտ տասը տարի առաջ ծառայել էր «Պրիբալտիկայում՝ Ռիգայում»…

Պաշտպանի միջնորդությամբ դատարան էր հրավիրվել դատահոգեբուժական փորձաքննությունն անցկացրած փորձագետը: Միայն փորձագետի ցուցմունքից հետո, զգալով, որ իր խաղը արդյունք չի տալու, Հարութն ավելի խոսքաշատ էր դարձել, հիշողությունը ինչ-որ չափով «վերականգնվել էր»:

Հարութի կինը երեխայի հետ էր դատարան եկել: Դեպքի պահին նա, ինչպես Մանուշը, հղի էր երկրորդ երեխայով, բայց սթրեսի պատճառով կորցրել էր երեխային…

Հարություն Դ.-ն դատավճիռը կանգնած լսել չէր կարողանում՝ դողում էր ամբողջ մարմնով, լաց էր լինում: Նրան թույլ էին տվել, որ նստած լսի…

ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան Հարություն Դ.-ն մեղավոր էր ճանաչել այն ժամանակվա քրեական օրենսգրքի 99 հոդվածի 4-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և դատապարտել էր 15 տարի ազատազրկման: Առաջին 5 տարին Հարությունն անց էր կացնելու բանտային պայմաններում…

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am