Հերոսի թարս նստած դուստրն ու Կոլցո գործողությունը

Lragir.am-ը գրում է.  «Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Ասպրամ Կրպեյանի արարքը քննարկումների առիթ է դարձել։ Երեկ իր առաջին նիստում Ասպրամը փոխեց պատգամավորի երդման օրենքով սահմանված տեքստը՝ հիշատակեց հորը՝ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին, երդվելով հավատարիմ մնալ նրա դավանած սկզբունքներին։ Իսկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեջքով նստեց դահլիճին, ինչպես իր կուսակից Գեղամ Մանուկյանն էր պարզաբանել՝ Նիկոլի երեսը չտեսնելու համար։

Վիքիպեդիայում Թաթուլ Կրպեյանի վերաբերյալ հոդվածում նշվում է, որ նա 1990 թ. սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը, եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարը։ Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։ Ռուսական բանակը «ադրբեջանական» խաժամուժի հետ իրականացնում էր ցեղասպան գործողություններ, տեղահանելով հայ բնիկ բնակչությանը, որն ուղեկցվում էր սպանություններով։

Կոլցո գործողությունը Հայաստանի ու հայերի դեմ Ռուսաստանի 200-ամյա ցեղասպան քաղաքականության մի օղակն էր․ 1915-1923՝ Արեւմտյան Հայաստանի ոչնչացում, Հայաստանի Առաջին Հանրապետության մասնատում ու արդեն խորհրդայնացված Հայաստանում հայերի կոտորածների շարունակում։ Խորհրդային շրջան՝ զանգվածային աքսորներ եւ սպանություններ։ 1942-1944՝ «հայրենական պատերազմ» զորակոչված 330 հազար հայերի ոչնչացում։ 1988-1991՝ այսպես կոչված «խորհրդային Ադրբեջանի տարածքում» ցեղասպան գործողություններ՝ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, տասնյակ այլ բնակավայրերում, Հյուսիսային Արցախի, ԼՂԻՄ-ի հայաթափում՝ սպանություններով ու պատանդառությամբ։ 2016-2020-ի սեպտեմբերի 27 եւ մինչ օրս Հայաստանի դեմ Արցախում պատերազմ եւ «հետպատերազմյա կարգավորում»՝ հիբրիդային պատերազմի աննախադեպ մեթոդներով ու ծավալմամբ։ Հայաստանի անկախ պետականությունը Մոսկվան միշտ համարել է անթույլատրելի մի բան, սպառնալիք։ Այս խնդիրներին Լրագիրը բազմիցս անդրադարձել է։

1990 թ. ապրիլի 30-ին՝ «Օղակ» ռազմական գործողության սանձազերծման օրը գերի վերցնելով 17 խորհրդային զինվորականների, մեկ ադրբեջանցի ուղեկցորդի և խորհրդային բանակի գնդապետ Մաշկովին՝ Թաթուլ Կրպեյանը նրանից վերցրել է խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ իրականացրած «Օղակ» ռազմական գործողության պայմանականչերով պլանը։

Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին Գետաշենում` բանակցությունների ժամանակ։ Նույն օրը Գետաշենում բանակցությունների ժամանակ նրա հետ զոհվեցին փոխհրամանատար Արթուր Կարապետյանը և Հրաչ Դանիելյանը (Զարզանդ)։ Տղաների զոհվելուց հետո խորհրդային 14 պատանդ զինվորականները փոխանակվել են ՕՄՕՆ-ականների կողմից պատանդ վերցված 27 հայ բնակիչների հետ, ասվում է Վիքիպեդիայում Թաթուլ Կրպեյանի կենսագրականում։

Պատանդներին վերցրել էին հայ գերեվարված բնակիչների հետ փոխանակելու համար։

ՀՀ իշխանությունը, «Հայաստան» խմբակցությունը, ՀՅԴ-ն ռուսական ծիրում են՝ մոսկովյան քվոտաներով հայտնվելով խորհրդարանում եւ «խաղաղ դարաշրջան-արժանապատիվ խաղաղություն» որոնելով «եռակողմ հայտարարությանը» հավատարմության հիմքով, խորհրդարանը գիտակցաբար հեռու պահելով ազգային շահերի ու պահանջների վերաբերյալ կարեւոր որոշումներ ընդունելուց։ Ժամանակն է մեջքով շրջվել բոլորին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.