Թագավարակը որպես կրոն

Lragir.am-ը գրում է. Անցած երկու «թագավարակային» տարիների ընթացքում եղած իրադարձությունների վերհիշումը բերում է եզրակացության, որ թագավարակի մասին ժողովուրդների մոտ ձեւավորված պատկերացումները կարող են դիտվել, որպես նոր կրոնի դրսեւորումներ։ Իրոք, գիտության ներկայացուցիչների մոտ չափազանց իրարամերժ է վերաբերմունքը այդ հիվանդության նկատմամբ, մինչդեռ դա չի խանգարում, որպեսզի աշխարհի գրեթե բոլոր պետությունները եւ դրանց քաղաքացիների զգալի մասը միանման եւ համաձայնեցված կերպով կազմակերպեն իրենց վարքագիծը, կապված դրա հետ, կարծես թե հարցի գիտական կողմը արդեն պարզաբանված է։ Իզուր չէ, որ ժողովրդի այն մասը, որը չի ընդունում (չի հավատում) այդ հիվանդության մասին պաշտոնապես տարածվող պնդումներին, դրանց հավատացողներին սկսել է անվանել «թագավարակի վկաներ»։

Համաձայն Թովմա Աքվինացու հակիրճ եւ դիպուկ ձեւակերպման, «կրոնը հավատքի դավանանքն է՝ արտաքին նշանների միջոցով»։

Հետեւապես, եթե իրոք գործ ունենք նոր կրոնի հետ, ապա պիտի լինեն դրա արտաքին նշանները։ Ստորեւ ես կփորձեմ ներկայացնել դրանք։ Ցանկացողները հեշտությամբ կարող են հիշել եւ մտովի համադրել դրանք հայտնի կրոնների՝ քրիստոնեության, կոմմունիզմի, լիբերալիզմի եւ մյուսներին բնորոշ նշանների հետ։ Դրանք կարելի էր բերել շատ հստակ համադրական աղյուսակի տեսքով, սակայն ես դա այստեղ չեմ անում՝ համապատասխան կրոնների հետեւորդների զգացմունքներին չդիպչելու համար։ Չէի ցանկանա վիրավորել նաեւ թագավարակի վկաների զգացմունքները, սակայն առայժմ «կորոնավիրուսի» երկրպագումը պաշտոնապես կրոն չի համարվում։ Հենց որ դա պաշտոնապես արվի, ես այլեւս ինձ թույլ չեմ տա նման բնույթի հոդվածներ հրապարակել, իսկ օրենքն էլ, հուսով եմ, հետադարձ ուժ պիտի չունենա։

Նկատենք, որ կրոնները կարելի է բաժանել երկու հստակ տեսակի․ պայմանականորեն՝ ուղիղ գործողության, որոնց դեպքում հավատացյալը հավատում է բարի ուժի գոյությանը, եւ ապավինում դրա օգնությանը, եւ՝ հակառակ գործողության, որոնց դեպքում հավատացյալը հավատում է չար ուժի գոյությանը, եւ ապրում հույսով, որ այդ ուժն իրեն չի վնասի։ Թագավարակի վկայությունը, որպես կրոն ակնհայտորեն պատկանում է երկրորդ տեսակին։

Ստորեւ դիտարկված են որեւէ կրոնին հատուկ նշանները (պաշտամունքի բաղադրիչները) եւ դրանց մարմնավորումը «Թագավարակի վկայություն» դեռեւս պայմանական անվանումը կրող կրոնում։

Հավատի առարկա․

Գոյություն ունի ԹՀ (Թագավարակային Հիվանդության)՝ առանձնահատուկ վտանգավորության հիվանդություն, որի հարուցիչը՝ 2019 թվին բացահայտված ՆՈՐ թագավարակն է։

Թագավարակները հայտնաբերվել են անցած դարի 50-ական թվականներին։ Դրանք, այսպես կոչված, «սեզոնային» օդակաթիլային շնչառական վարակներից են։ Սովորաբար դրանցով հարուցված հիվանդությունները վտանգավոր չեն եւ հաճախ անցնում են առանց լուրջ հետեւանքների, թեեւ (եւ դա միշտ էլ հայտնի է եղել) այլ հարակից հիվանդությունների առկայության դեպքում, ինչպես նաեւ մեծ տարիքի դեպքում, կարող են բերել ծանր բարդացումների։ Այսպիսով դիտարկվող հավատքի հիմքում այն պնդումն է, որ ա՛յս մի թագավարակը էապես տարբերվում է բոլոր այլ՝ նախկինում դիտված թագավարակներից, եւ բոլորովին ՆՈՐ է եւ սրա հարուցած հիվանդությունը չափազանց ավելի ծանր է։ Առաջին անգամ այն դիտվել է Չինաստանում։ Ծագման մասին կա երկու կարծիք․ 1. ունի բնական ծագում եւ մարդուն է անցել չղջիկներից 2. ունի արհեստական բնույթ։ Առաջին տարբերակը որպես հավատքի առարկա քիչ հրապուրիչ է, քանի որ պարզ չէ, ինչու թագավարակների բազմաթիվ տարբերակներից հենց այս մեկը պիտի առանձնահատուկ վտանգավոր լիներ, ուստի եւ առավել հաճախ աջակցվում է երկրորդ տարբերակը։ Այդպես է համարում օրինակ, Գարրի Կասպարովը․ «Ամբողջ առկա տեղեկության մանրազնին եւ անաչառ վերլուծությունը ցույց է տալիս, որ վարկածն այն մասին, որ այդ վարակը ինչ-որ կերպ «դուրս է թռել» Ուհանի աշխատանոցից, ունի ավելի շատ իրական փաստական նյութ»։ Ինչպես տեսնում ենք աշխարհի նախկին չեմպիոնը ունի «ամբողջ առկա տեղեկությունը» եւ վստահ է, որ այս մի թագավարակը արհեստական է։

Կառավարող մարմին․

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն (ԱՀԿ)։ Ինչպես եւ այլ կրոնների դեպքում տեղական կազմակերպությունները, որոնց դերում հանդես են գալիս պետությունների Առողջապահության Նախարարությունները, կարող են ունենալ ԱՀԿ-ից որոշ չափով տարբերվող գործելակերպ, սակայն հիմնական դրույթի՝ հավատի առարկայի հարցում համակարծիք են։

Սուրբ գիրք․

Դիտարկվող կրոնի դեպքում սուրբ գրվածքների դեր են խաղում ԱՀԿ-ի որոշումները եւ ԹՀ-ի դեմ պայքարելու ձեւերին նվիրված մեթոդական ձեռնարկները։ Այդ թվում՝ ԱՀԿ-ի պաշտոնական կայքը, որի գլխավոր էջի կարեւորագույն մասը նվիրված է բացառապես ԹՀ-ին։

Պետական ճանաչում․

Առկա է։ Այլապես կարելի էր խոսել ոչ թե նոր կրոնի, այլ, ընդամենը, աղանդի մասին։ Ավելին, այսօր շատ քիչ են պետությունները, որոնցում ավանդական կրոնները ունեն պետական կարգավիճակ։ Ներկայումս նոր ԹՀ-ի գոյությունը ճանաչված է աշխարհի բոլոր պետությունների կողմից, ինչը թագավարակի վկայությունը դարձնում է բացարձակ ընդգրկում ունեցող կրոն, որով այն գերազանցում է մնացյալ բոլոր կրոնները, որոնք չեն էլ փորձում հակադրվել դրան։ Հայտնի է, որ պետական կրոնները գերակա ազդեցություն ունեն պետությունների եւ պետական կառավարման վրա, եւ իրավունքի աղբյուր են հանդիսանում։ Եւ իրոք, այսօր դիտարկվում են տարբերակներ, որոնց էությունն այն է, որ ԱՀԿ-ի որոշումները պիտի գերակա ուժ ունենան պետությունների օրենսդրության նկատմամբ, այդ թվում՝ «մարդու իրավունքների»։ Որոնց վրա, մեր մեջ ասած, առանց այն էլ վաղուց արդեն աշխարհի ԲՈԼՈՐ կառավարությունները «թքած ունեն»։

Կրոնական կենտրոններ․

Այդ դերում հանդես են գալիս առանձնացված հիվանդանոցները։ Ի տարբերություն այլ հիվանդանոցների, որոնցում կարող են բուժօգնություն ցուցաբերել մի շարք տարբեր հիվանդություններով տառապողներին, թագավարակի համար հատկացվում են առանձին բուժհիմնարկներ։ Դա բացատրվում է այդ հիվանդության բացառիկ վարակելիությամբ եւ վտանգավորությամբ, սակայն փաստացիորեն դարձնում է դրանք նոր կրոնի հատուկ կենտրոններ։

Նահատակներ․

Ցանկացած կրոնում կան նահատակներ՝ տվյալ կրոնի առաջամարտիկներ։ Այս դեպքում դրանք հիվանդներն են։ Չափազանց ցավալի է, բայց ԹՀ-ով տառապող ցանկացած հիվանդի, առավել եւս, եթե հիվանդը հանրային անձ է, այս կրոնի հետեւորդները ներկայացնում են որպես նահատակի, եւ ներառում սեփական քարոզչության մեջ։

Տարբերիչ նշան․

Դիմակ։ Յուրաքանչյուր կրոն ունի նման մի նշան։ Դա կարող է լինել հագուստի պարագա (օրինակ՝ գլխարկ), ինչ-որ դրոշ, կամ, պարզապես՝ գույն, կամ հենց երկրաչափական մի ձեւ (յուրաքանչյուրը կհիշի, թե ո՛ր կրոնը ի՛նչ նշաններ ունի։ Դիմակը ներկայանում է, որպես հագուստի պարագա, առանց որի թագավարակի նվիրյալ վկան պարզապես իրեն մերկ կզգա հանրության մեջ։ Այն, որ ի դեմս դիմակի (ակամա բառախաղ) գործ ունենք հագուստի կրոնական պարագայի հետ հաստատում է հենց ԱՀԿ-ի կայքը, ուր բերված է դիմակի մասին իրարամերժ տեղեկություն։ Օրինակ, նշված է, որ դիմակ ՊԵՏՔ ՉԷ կրել վարժություններ կատարելիս, քանի որ այն  կարող է «խոչընդոտել հարմարավետ շնչառությանը», իսկ մի քանի տող անց նշված է, որ դրանց ճիշտ գործածումը ՉԻ ԲԵՐՈՒՄ ածխաթթու գազով թունավորմանը կամ թթվածնային քաղցին։ Ինչպես ասում են՝ կողմնորոշվե՛ք։ Հատկանշական է նաեւ այն, որ մարդիկ հաճախ դիմակը կրում են ծնոտի տակ․ այն իրենց խանգարում է, բայց չկրել դիմակ, կնշանակի այլախոհի կեցվածք ընդունել, իսկ դա հղի է անախորժություններով, ինչպես ցանկացած այլախոհություն։

Մաքրագործում․

Տեստավորում։ Պատվաստում։ Ցանկացած կրոն ունի այս կամ այն կերպ ձեւակերպված մաքրագործման եղանակ։ Դրա հիմքում կասկածն է, որ դու թույլ ես տվել ինչ-որ սխալ, կամ որ քո մեջ կա մի թերության սաղմ (մեղք)։ Այն կարող է վերացվել կրոնական պաշտոնյայի որոշակի գործողությունների արդյունքում։ Բնականաբար, դա միշտ չէ, որ կարող է փրկել անձին, ում մեջ բուն է դրել այդ թերությունը։ Թագավարակը պաշտամունքի առարկա դարձրած պաշտոնյաները հստակորեն շեշտում են այս հանգամանքը․ պատվաստումը չի ապահովագրում հիվանդանալուց։ Սակայն մաքրագործման արարողությունը կարող է փրկության հույս տալ։

Բարեպաշտներ․

Նոր կրոնի բարեպաշտ հետեւորդները ԱՀԿ-ի ցուցումներ կատարողներ են։ Մասնավորապես դա ենթադրում է դիմակների (բացառիկ բարեպաշտության դեպքում՝ նաեւ ձեռնոցների կրում), առիթով եւ առանց առիթի «ալկոգելով» «լվացում», տեստավորում, եւ անշուշտ՝ մաքրագործում, այն է՝ պատվաստում՝ մեկից ավելի անգամ)։

Գիտության դերը․

Ցանկացած կրոնի հիմնական թշնամին գիտությունն է, ու, միաժամանակ, ցանկացած կրոն պնդում է, որ իր դրույթները գիտական են։ Կամ հակառակը․ եթե որեւէ պնդում հակասում է տվյալ կրոնի պնդումներին, ապա այն գիտական չէ։ Թագավարակի վկաները համառորեն անտեսում են այն գիտնականների պնդումները, որոնք վկայում են դրա դեմ։ Միեւնույն ժամանակ թաքցվում են թագավարակային հիվանդության տարածման եւ մահացության մասին վիճակագրական տվյալները կամ ներկայացվում են դրանք հարմար ձեւով։

Անշուշտ կան նաեւ բազմաթիվ այլ նշաններ, բայց եւ այսքանից ակնհայտ է, որ ի դեմս «ՆՈՐ» թագավարակի գործ ունենք զուտ կրոնական պաշտամունքի հետ, եւ ինչպես ցանկացած կրոն, այս մեկը նույնպես կոչված է վերահսկելու մարդկանց գիտակցությունը, իրավունքներն ու սեփականությունը։

Վերջում, թյուրըբռնումը բացառելու համար ցանկանում եմ կրկին շեշտել, որ ես ամենեւին չեմ ժխտում թագավարակային հիվանդությունների գոյությունը (դրանց գոյությունը հաստատված գիտական փաստ է), կամ այն, որ դրանց հետեւանքները կարող են շատ ծանր լինել, ընդհուպ՝ մինչեւ մահ․ դա նույնպես փաստ է։ Ես միայն պնդում եմ, որ գոյություն չունի ինչ-որ առանձնահատուկ կերպով վտանգավոր եւ մինչեւ վերջերս գոյություն չունեցած բոլորովին ՆՈՐ մի թագավարակ, որը կարող է մարդու իրավունքների ոտնահարման հիմք դառնալ։ Ուստի եւ չեմ ընդունում թագավարակի վկայության հավատո հանգանակը։

Ռուբեն Թարումյան

01.12.2021

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.