Ձեւաչափերի պատերազմ․ Ինչ է ուզում Հայաստանը և ո՞վ է Մոսկվան

Lragir.am-ը գրում է.  Չնայած այն հանգամանքին, որ անցյալ շաբաթ՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն ասել էր, որ փոխվարչապետների հանդիպմանը (որը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին) կհայտարարվի Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, սակայն այդպես էլ հայտարարություններ չեն արվել, և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել է, առաջիկա օրերին նոր հանդիպում կլինի։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, փոխվարչապետներին չի հաջողվել «ձևակերպել համաձայնություն»։

Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական կոմիտեի նիստին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարներն իրենց հայտարարություններում ողջունել են Ռուսաստանի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եւ գանգատվել, որ ԵԱՀԿ-ում բոլորն իրենց «մանր հարցերն» են առաջ քաշում։

Ռուսաստանը փորձում է թույլ չտալ միջազգային լեգիտիմ կառույցների ու ձեւաչափերի ներգրավումը եւ հարցերը լուծել «եռակողմ ձեւաչափում», որտեղ հանդես է գալիս որպես «կնքահայր», և թույլ չտալ, որ Հայաստանը և այլ ինքնիշխան երկրները լուծեն իրենց խնդիրները հարևանների հետ միջազգային օրինական ատյաններում։

«Ձևաչափների պատերազմը» Ռուսաստանի փորձն է Հայաստանի և նրա հարևանների հարաբերությունների հարցը պահել այն ձեւաչափում, որտեղ Մոսկվան է որոշում։ Երևանը հնազանդվում է Մոսկվային՝ հաստատելով, որ սահմանազատումն իրականացվելու է «խորհրդային» քարտեզների հիման վրա։

Երևանի դիրքորոշումն անհասկանալի է աշխարհի համար։ Դժվար է հասկանալ, թե ինչու է Երևանը պատվիրակում իր սուվերեն իրավունքներն ու պարտավորությունները Մոսկվային։ Ո՞վ է Մոսկվան։

ՆԱՏՕ-ն անընդունելի է համարում այն ​​միտքը, որ Ռուսաստանը կարող է ունենալ իր ազդեցության գոտին, քանի որ նրա բոլոր հարևաններն ինքնիշխան պետություններ են։ Այս մասին չորեքշաբթի օրը դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Սա նշանակում է դե ֆակտո ընդունել, որ Ռուսաստանը կարող է վերահսկել, թե ինչ են անում կամ չեն անում իր հարևանները: Եվ սա այն աշխարհն է, որտեղ մենք չենք ցանկանում վերադառնալ»:

Արդյո՞ք Հայաստանը ցանկանում է վերադառնալ այն աշխարհ, որի անփառունակ վախճանը ազդարարվել է ուղիղ 30 տարի առաջ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.