«Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են», -ասված է այսօր Արցախի ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ: Սա փաստորեն Արցախի խաղաղ բնակչի հերթական սպանության տեղեկությունն է, որ կատարում են ադրբեջանցիները:
Արցախի ԱԱԾ-ը հայտնում է, որ սահմանին տեղակայված տեսախցիկները ֆիքսել են տեղի ունեցածը: Դեպքը հաջորդում է Սոչիի եռակողմ հանդիպմանը, որտեղ Ադրբեջանի նախագահ Ալիևը խոնարհումներ էր անում Արցախում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի ծառայությանը: Այդ խոնարհումները խաղաղ բնակչի հերթական ցինիկ սպանության համար նախապես «ինդուլգենցիա» ստանալու՞ համար էին, թե՞ Սոչիում մի ձեռքով խոնարհվող Ալիևը մյուս ձեռքով սպանում է Արցախում, որպեսզի այդպիսով լարի մթնոլորտն ու նպաստի եռակողմ հանդիպմանը տված համաձայնություններից խուսանավելուն: Իհարկե կա նաև մեկ այլ վարկած, որ Ալիևը գործնականում չի տիրապետում իր զինուժին, կամ ամբողջությամբ չի տիրապետում և ադրբեջանական զինուժի թելերը նաև Էրդողանի ձեռքում են: Այդ առումով ուշադրության է արժանի այն, որ սպանությունը, փաստորեն առևանգումն ու սպանությունը տեղի է ունենում դեկտեմբերի 3-ին, այսինքն ոչ միայն Սոչիի եռակողմ հանդիպումից հետո, այլ նաև Պուտինի հետ Էրդողանի հեռախոսազրույցի օրը, ու տեղի է ունենում հենց Արցախում, ոչ թե Հայաստանի սահմանին, այսինքն տեղի է ունենում ռուսական խաղաղապահ պատասխանատվության գոտում: Այլ կերպ ասած, հարվածը թիրախային է հենց այդ առումով:
Մեծ հաշվով էական չէ, թե ում հրամանով է կատարվել սպանությունը՝ Ալիևի, թե Էրդողանի: Էականն այն է, թե կունենա՞ արդյոք Ալլիևը խնդիրներ այդ սպանությունից հետո, թե՞ կհասնեն Ռուսաստանի հետ իրենց ունեցած որևէ խնդրի լուծման, լինի դա անմիջականորեն կապված Սոչիի հետ, թե՞ գործընթացի՝ ավելի լայն իմաստով: Եվ ողբերգական միջադեպի մյուս կողմը: Նոյեմբերի 8-ին Շուշիում տեղի ունեցած դեպքից հետո Արցախի ղեկավարությունը դիմելով հանրությանը հայտարարեց, որ սահմանամերձ կամ վտանգավոր գոտիներում որևէ աշխատանքի կամ գործունեության դեպքում պետք է տեղեկացնել իրավապահներին, որոնք էլ կիրականացնեն անվտանգությունն ապահովելու միջոցառումներ: Արցախի իրավապահ համակարգը թերևս չպետք է սպասի, որպեսզի դիմեն քաղաքացիները: Առկա է նոր իրավիճակ, նոր խնդիրներ, ռիսկեր, մարտահրավերներ, ինչպես նաև ցինիկ ու խուլիգան հակառակորդ: Անվտանգության համար պատասխանատու կառույցները պետք է գործեն քաղաքացիների հետ այսպես ասած կանխարգելիչ հարաբերության տրամաբանությամբ, այսինքն պարբերաբար շփումներ՝ վտանգավոր քայլերը, անփութության կամ այլ հետևանքով մոլորվելու, ադրբեջանցիների վերահսկողության տակ հայտնվելու ռիսկերը կանխելու նպատակով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am