Հերթական Կառավարության մեգաավանտյուրան... Ինչ է կատարվում.

Հայաստանի կառավարությունը փորձում է իրականացնել հերթական մեգանախագիծը, որի իրական նպատակը միջազգային դոնոր կազմակերպություններից փող պոկելն ու յուրացնելն է: Հայաստանի իշխանությունների գործունեությունը հիմնականում ուղղված է հենց այդպիսի նախագծերի իրականացմանը:

Հայաստանի կառավարությունը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել «Հայակական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին օրենքի նախագիծ: Նախագիծը չափազանց կարճ է, ընդամենը հինգ հոդված, որից վերջինն էլ վերաբերում է նրան, որ օրենքի նախագիծն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: Իսկ օրենքի 1-ին հոդվածում ասվում է. սույն օրենքի նպատակը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ առաջին էներգաբլոկը

շահագործումից հանելու գործընթացի ապահովում է: Օրենքի մեջ որևէ խոսք չկա, թե որքան է տևելու այդ գործընթացը, որքան է այն արժենալու Հայաստանի պետության և բյուջեի վրա, ով է իրագործելու այդ գործընթացը: Եվ ամենակարևորը՝ որևէ խոսք չկա, թե ինչ է իրենից ներկայացնում այդ շահագործումից հանելը:

Որոշ տեղեկություններ կան օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորումների մեջ, ըստ որի, շահագործումից հանելը 2007թ. գնահատվել է 310․37 մլն ԱՄՆ դոլար: Թե անցած 10 տարվա ընթացքում այդ գումարը ավելացել է, կամ որքան՝ որևէ մեկը չգիտի: Օրենքի նախագծին կից կա նաև տեղեկանք, ըստ որի, այս օրենքի ընդունումը բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջացնի: Նշանակում է, որ կառավարությունը այս մեգանախագիծը իրականացնելու է այլ միջոցներով: Կարելի է

կարծել, որ օրենքը դառնալու է միջոց միջազգային կազմակերպություններից և պետություններից օգնություն խնդրելու համար, որպեսզի իրականացվի ատոմակայանի շահագործումից հանելը:

Հայաստանի ատոմակայանի առաջին էներգաբլոկը չի շահագործվում 1989թ., երբ ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը որոշում կայացրեց շահագործումից հանել ՀԱԷԿ-ի երկու էներգաբլոկները: Երկրորդ էներգաբլոկը վերաշահագործվեց 1995թ., որի նպատակը էներգետիկ ճգնաժամի հաղթահարումն էր: Ավելի վաղ կառուցված առաջին էներգաբլոկը (շահագործման է հանձնվել 1976թ) մինչև օրս չի շահագործվում: Բայց կառավարությունը օրենքին կից հիմնավորման մեջ 28 տարի չշահագործելը ներկայացնում է որպես երկարատև կանգառի ռեժիմ:

Եթե առաջին էներգաբլոկի ներկա իրավիճակը ներկայացվում է որպես երկարատև կանգառի ռեժիմ, ապա օրենքի նախագծում, կամ գոնե հիմնավորումների մեջ ինչ-որ ձև պետք է ներկայացվեր, թե իրենից ինչ է ներկայացնում շահագործումից հանելը: Բայց դրա մասին ոչ մի բառ և նույնիսկ ակնարկ չկա: Արդյո՞ք դա ապամոնտաժումն է: Եթե դա իսկապես այդպես է, ապա գործ ունենք չափազանց թանկ ու տեխնոլոգիապես բարդ իրագործելի ծրագիրի հետ:

Ավելի պարզ լինելու համար ասենք, որ Ռուսաստանը ունի շահագործումից հանված 5 ատոմային ռեակտորներ: Աշխարհի առաջին ատոմակայանի՝ Օբնինսկի ԱԷԿ-ի ռեակտորը չի շահագործվում 2002թ. և այն ներկայումս վերածվել է թանգարանի: Եվս երկուական ատոմային ռեակտորներ չեն շահագործվում Նովովորոնեժի և Բելոյարի ԱԷԿ-երում: Բայց նրանք չեն շահագործվում այնպես, ինչպես ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը: Ռուսները ռիսկ չեն անում ապամոնտաժել այդ էներգաբլոկները, որովհետև իրենք էլ են ընդունում, որ նման ծախսը վեր է անգամ ռուսական պետության և բյուջեի հնարավորություններից: Բացի այդ, ապամոնտաժումը ենթադրում է համապատասխան տեխնիկական և տեխնոլոգիական հմտությունների առկայություն: ԱԷԿ-երի ապամոնտաժումը հղի է շրջակա միջավայրի համար էական սպառնալիքներով: Հայտնի չէ, թե ինչ պետք է արվի այն ռադիոակտիվ

սարքավորումներն ու նյութերը, որոնք առաջանալու են ապամոնտաժման հետևանքով: ԱՄՆ-ում կա ամբողջովին ապամոնտաժված ԱԷԿ՝ Connecticut Yankee-ին, որը գտնվում է Կոնեկտիկուտ նահանգում և ապամոնտաժվել է 2007թ.: Իսկ առաջին ԱԷԿ-ը, որն ապամոնտաժել են ամերիկացիները՝ 1958թ. շահագործման հանձնված և 1988-ին ապամոնտաժված Շիպինգպորտի ԱԷԿ-ն է: Բայց Հայաստանի կառավարությունը դժվար թե երևակայության այնպիսի թռիչք ունենա, որ մտածի՝ մենք ոչնչով պակաս չենք ամերիկացիներից:

ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու և ապամոնտաժելու համար նախ անհրաժեշտ է կառուցել ռադիոակտիվ թափոնները և սարքավորումները պահելու պահեստարան, որը ևս Հայաստանի տնտեսության ուժերից վեր գործ է:

Այդ դեպքում ինչու է Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ եղել մի գործի, որը տեխնիկապես և տնտեսապես անիրագործելի է թվում: Ինչու Հայաստանի կառավարությանը

ձեռք չի տալիս այն վիճակը, որն արդեն 28 տարի է առկա է ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկում, և որը կառավարությունն անվանում է երկարատև կանգառի ռեժիմ: Դրա պատասխանը մենք արդեն տվել ենք. Հայաստանի կառավարությունը մոգոնում է մեգանախագծեր, որպեսզի միջազգային կազմակերպություններից կարողանա գրանտներ և վարկեր պոկի: Իսկ ինչ վատ ծրագիր է ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելը: Օրինակ՝ միայն շահագործումից հանելու նախագիծը գնահատվում է 6 մլն եվրո: Դրա համար կարելի է փողեր կպցնել ինչպես Եվրամիությունից, այնպես էլ՝ ԵՄ անդամ առանձին երկրներից: Հիմա բոլորն էլ շահագրգռված են լինելու ՀԱԷԿ-ի անվտանգությամբ և կարելի է դրա վրա խաղալ: Սա կլինի մի նոր Հյուսիս-հարավ, որն անվերջ կառուցվում է, բայց որևէ մեկը չգիտի, թե երբ կավարտվի: ՀԱԷԿ-ն էլ կարելի է անվերջ հանել շահագործումից, բայց միշտ պահել երկարատև կանգառի ռեժիմում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am