Երրորդ փորձն Արցախում․ Ի՞նչ են որոշել ԱՄՆ-ն ու Ռուսաստանը

Lragir.am-ը գրում է.  ԱՄՆ-ն երկու պատմական համաձայնության հասավ՝ Սերբիա-Կոսովո եւ արաբա-իսրայելական հարաբերություններում։ Սերբիան եւ Կոսովոն Սպիտակ տանը համաձայնություն են ստորագրել տնտեսական համագործակցության վերաբերյալ, ինչը հեռանկարում այս երկու երկրներին մոտեցնում է Եվրամիությանն անդամակցությանը։

Իր հերթին, Իսրայելը համաձայնագրեր է կնքել ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ, հեռանկարում սպասվում է համաձայնագիր Սաուդյան Արաբիայի հետ։ Այս երկու համաձայնագրերը լիովին նոր իրավիճակ են ստեղծում Բալկաններում եւ Մերձավոր Արեւելքում, քաղաքական բազմաշերտ ճյուղավորումներով, այդ թվում թուլացնելով Թուրքիայի ազդեցությունն ու հավակնություններն այս երկու շրջաններում։

Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությանը զուգահեռ, ղարաբաղյան կարգավորումը դիտարկում է նաեւ Կոսովոյի եւ արաբա-իսրայելական կարգավորման մոդելների համատեքստում։ Մասնավորապես, ԱՄՆ-ն Ղարաբաղի խնդիրն ու իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն առաջարկում էր դիտարկել քաղաքական նույն հարթության մեջ՝ երկու պետության հայեցակարգով։

Այդ խնդիրն ակտուալ դարձավ 2016-ի ապրիլի ռազմական գործողություններից հետո։ Մոսկվայում զինադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո ԱՄՆ-ն առաջարկեց Վիեննայի օրակարգը, որը ենթադրում էր շփման գծում միջազգային մոնիտորինգի մեխանիզմների տեղադրում, ըստ էության՝ Արցախի սահմանների եւ սուբյեկտության ճանաչում, քանի որ այսպես կոչված կարգավորման գործընթացը ավելի էր կոնսերվացվում, իսկ հետագայում գործընթացը կարող էր առաջ մղվել Կոսովոյի սցենարով։ Ինչպես հետագայում խոստովանեց Իլհամ Ալիեւը, Բաքվի վրա լուրջ ճնշում էր իրականացվում Ղարաբաղը ճանաչելու հարցում։

Ալիեւին Մոսկվայի աջակցությամբ հաջողվեց հասնել Վիեննայի օրակարգի փաստացի չեղարկմանը արդեն Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը, որը տեղի ունեցավ Վիեննայից մեկ ամիս անց։ Որքան էլ ներկայում փորձ է արվում դրա չեղարկումը կապել Նիկոլ-Փաշինյան-Ալիեւ համաձայնությունների հետ, իրականում դա տեղի էր ունեցել հենց Սանկտ Պետերբուրգում, որի մասին վկայեց Ֆրանսիայի հայտարարությունը։

Դա Հայաստանի երկրորդ խոշոր դիվանագիտական պարտությունն էր Արցախի հարցում։ Առաջինը բանակցություններից Արցախի դուրս մղումն էր, հայկական կողմի համաձայնությամբ, որից հետո Բաքվի քաղաքական ու ռազմական մանեւրի հնարավորությունները մեծացան, այդ թվում Մոսկվայի օգնությամբ։ Իր հերթին, Հայաստանը շարունակում էր զիջումների քաղաքականությունը, համաձայնվելով քննարկել բոլոր այն տարբերակները, որոնք դրվում էին բանակցությունների սեղանին եւ ենթադրում էին Արցախի փաստացի ենթակայությունն Ադրբեջանին։ Այսպես կոչված բանակցային գործընթացը լիովին դրվեց Բաքվի իրավունքների տրամաբանության տակ։

Դա ի վերջո հանգեցրեց ապրիլյան պատերազմին, քանի որ իրավիճակի հանգուցալուծման այլ տարբերակ չէր մնացել։ Պատերազմի արդյունքում Բաքուն հայտնվեց ռազմա-քաղաքական բարդ իրավիճակում եւ կորցրեց բոլոր առավելությունները, սակայն Հայաստանը չօգտագործեց այդ հնարավորությունը, թույլ տալով Վիեննայի օրակարգի չեղարկումը, իրավիճակն այդպիսով վերադարձնելով Ադրբեջանի իրավունքների տրամաբանությանը։ Այդ իրավիճակի հանգուցալուծումն էլ Տավուշի մարտերն էին, որը մի կողմից թույլ է տալիս դուրս գալ դիվանագիտական ծուղակից, մյուս կողմից՝ խնդիրը բարձրացրել է լիովին նոր մակարդակ՝ շրջանում Թուրքիայի ագրեսիվության եւ նոր իրավիճակին Ռուսաստանի առերեսման խնդիրների ֆոնին։

Ըստ էության, Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցային գործընթացը Տավուշի մարտերից հետո զրոյացված է, գտնում են փորձագետները։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե մեծ սխալ կլինի մի կողմ դնել մինչ այժմ կատարված աշխատանքը եւ մշակված առաջարկները, եւ ասել է, որ ջանքեր են գործադրվում ԱԳ նախարարների մակարդակով երկխոսությունը վերսկսելու համար։ Լավրովը կորցրել է բանակցային գործընթացում իր երկու գործընկերներին՝ Նալբանդյանին ու Մամեդյարովին, եւ ներկայում խնդիր է դառնում, թե ինչպես եւ ինչ առաջնահերթություններով Մոսկվայի քաղաքականությունը կարող է ադապտացվել նոր իրավիճակին ու խնդիրներին, մասնավորապես, Բաքվի ու Անկարայի ռազմա-քաղաքական մերձեցման պայմաններում։

1994-ից հետո երկու անգամ խոշոր բախումներ եղան Հայաստանի արտաքին քաղաքականության բացթողումների, տվյալ պարագայում՝ բանակցությունից Արցախի դուրսբերման եւ Վիեննայի օրակարգի չեղարկման արդյունքում։ Խնդիրը կրկին Ադրբեջանի իրավունքների դաշտ վերադարձնելը նոր պատերազմի է հանգեցնելու։ Մերձավոր Արեւելքում եւ Միջերկրականում Հայաստանի ներկայիս քաղաքականությունը հույս է տալիս, որ դասերը հաշվի են առնվել։

ԱՄՆ-ն իր դաշնակցին՝ Իսրայելին աջակցում է իրողությունները ճանաչելու եւ պատմական համաձայնության հասնելու հարցում։ Ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու Ռուսաստանը նոր իրավիճակում, որն իր հռչակած հավասար հեռավորության քաղաքականության արդյունքում կանգնել է նոր ու ավելի բարդ խնդիրների առաջ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.