Ինչ են խոսել Պուտինն ու Էրդողանը Փաշինյանից հետո

Հուլիսի 11-ին տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույց, այլ նաև հեռախոսազրույց Էրդողան-Պուտին ձևաչափով: Ընդ որում, այդ մասին հաղորդագրություններում չի նշվում, թե ով է եղել զանգի նախաձեռնողը, թեև այդ հանգամանքը այս պարագայում այդքան էլ էական չէ: Էական է թերևս երկու հեռախոսազանգերի զուգահեռը: Դա բոլորովին չի նշանակում, որ քննարկումների օրակարգը համընկնում է ամբողջապես, և այդ հանգամանքը թերևս կարիք էլ չուներ հստակեցման, բայց երևի թե վեր է կասկածից, որ հեռախոսազանգերի զուգահեռը անշուշտ փոխկապակցված է և ռուս-թուրքական հարցերի լայն շրջանակում հայ-թուրքական հարցն անշուշտ ունի իր էական տեղը: Ռուսաստանի համար հայ-թուրքական հարաբերության կարգավորումը բավականին բարդ և բազմաշերտ երևույթ է:

Մի կողմից, կարգավորումը նշանակում է, որ Հայաստանում ավելորդ կարող է դառնալ ռուսական ռազմական ներկայությունը: Մյուս կողմից, թերևս միամտություն է պատկերացնել, որ երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունը կարող է տեսանելի, առնվազն միջնաժամկետ ժամանակահատվածում հասնել հենց այնպիսի մի մակարդակի, որը այլևս հենց օրակարգ կբերի Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ավելորդության հարցը: Պետք է արձանագրել, որ հայ-թուրքական հարաբերությունն ունի այնպիսի խորը խութեր, որ դրանց խորքային հաղթահարումը պահանջելու է տասնյակ տարիներ, ընդ որում իրենց արդյունավետությամբ ամենևին չերաշխավորված տարիներ:

Բանն այն է, որ հայ-թուրքական հարաբերության այն աստիճանը, որի պարագայում Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը կդառնա ավելորդ «անզեն աչքով», ըստ էության կոչվում է հաշտություն: Հայ-թուրքական հաշտության համար առանցքային հարցը ցեղասպանության ճանաչումն է: Հնարավոր է կարգավորել հարաբերությունը, հաստատել դիվանագիտական հարաբերություն, ուղիղ հաղորդակցություն, տարբեր մակարդակի շփումներ և այցեր առանց ցեղասպանության ճանաչման, բայց գործնականում անհնար է հասնել հարաբերության այնպիսի աստիճանի, որը կենթադրի Հայաստանում ռուսական ռազմական ներկայության հարցի ինքնաբերաբար իմաստազրկում՝ շրջանցելով ցեղասպանության ճանաչման թեման: Ըստ այդմ, հայ-թուրքական հարաբերությունից ՌԴ համար այդ վտանգի գնահատման հարցում թերևս պետք չէ ունենալ ժամկետային չափազանցված մոտեցում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ունի իրադրության վրա ազդելու բազմաթիվ իրավա-պայմանագրային և այլ գործիքներ, թե Հայաստանի, թե Թուրքիայի հետ հարաբերության իմաստով:  Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ նոր գործոնը, որ հաջորդել է 44-օրյա պատերազմին հայկական կողմի պարտությանը՝ ՌԴ ռազմական ներկայությունն Արցախում, և ՌԴ որոշակի դերակատարումը Սյունիքի շուրջ իրողություններում, որոնք նոր իրավիճակում են հայտնվել 44-օրյա պատերազմից հետո:

Այդ ամենը ՌԴ համար նոր «երաշխիքներ» են, որոնք նրան կարող են թույլ տալ որոշակիորեն նորովի նայել հայ-թուրքական հարաբերության կարգավորման հարցին, հատկապես ուկրաինական պատերազմի ֆոնին տեղի ունեցող տնտեսական պատերազմի պայմաններում, երբ Թուրքիան դառնում է ՌԴ համար կարևոր տնտեսական ուղղություն, ինչը նշանակում է կենսական նշանակություն Կովկասի համար՝ դեպի այդ, ինչպես նաև դեպի հարավային այլ ուղղություններ հաղորդուղիների, տրանսպորտային և այլ բնույթի լոգիստիկայի տեսանկյունից: Այս հանգամանքը թույլ է տալիս մտածել հայ-թուրքական կարգավորման համատեքստում նոր տարրի՝ ՌԴ որոշակի շահագրգռության մասին, որը ինչ-ինչ տակտիկական ասպեկտներով կարող է համադրվել այդ հարցի վերաբերյալ Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ ռազմավարական պատկերացումների հետ և այդ կերպ նպաստել միջավայրի ձևավորման, որտեղ առաջանում է հայ-թուրքական կարգավորման դրական մթնոլորտի և դինամիկայի որոշակի հավանականություն: Ամբողջ հարցն այն է սակայն, թե ինչպես կզարգանա իրավիճակը հետագայում, երբ, օրինակ Էրդողանը կլուծի իր գլխավոր հարցը՝ 2023 թվականի նախագահի ընտրության վերարտադրության հարցը, նաև մի շարք այլ հարցեր թե ԱՄՆ, թե Ռուսաստանի, թե նույնիսկ Իրանի հետ, ուր ի դեպ պատրաստվում է այցելել առաջիկա օրերին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am