Շան պատճառով Գյումրիում մորթել են 61-ամյա տղամարդու

Aravot.am-ին հաջողվեց պարզել, որ սպանությունը տեղի է ունեցել շան պատճառով։ 61-ամյա Կարապետ Խ․-ի շունը, տան բակից դուրս գալով, միզել է մոտակայքում գտնվող ցայտաղբյուրի մոտ։

49-ամյա հարևանը, սա տեսնելով, վեճ է սարքել Կարապետի հետ, թե ինչու է շունդ պղծում հուշարձանը. նրա հորեղբոր տղայի հիշատակին նվիրված հուշարձան է եղել։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ոստիկանության մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ 49-ամյա տղամարդը հայտնել է, որ Կարապետը իրեն ծեծել է, ինքն էլ փորձել է վրեժ լուծել։

Եվ երբ Կարապետը ներս է մտել իր տան բակ, հարևանը, հետևից հասնելով, դանակով կտրել է նրա վիզը՝ բազմակի՝ 7 անգամ հարվածներ է հասցրել։ Սպանության մեջ կասկածվող տղամարդը ձերբակալված է։ Սպանվողի համակուրսեցիները (նա սովորել է Գյումրու Մ․ Նալբանդյանի ինստիտուտում), նրան բնութագրում են որպես համեստ, չափազանց զուսպ անձնավորության։

Թաղեցիները ևս ասում են, որ նա կարգին, կիրթ ընտանիք ունի, երկու որդիներ ունի՝ մեկը օդաչու է, մյուսը ծրագրավորող։ Նա գուսան Արտեմ Խաչատուրի եղբայրն է։ Սպանվողը «Աշխատանքային ռեզերվներ ՄՀԿ-ի» Գյումրու մասնաճյուղ փոխտնօրենն է, աշխատավայրից ևս ասում են՝ աշխատասեր, պատասխանատու անձնավորություն էր։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ «Մարտի 13-ի ժամը 18.58-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Գյումրու շտապօգնությունից հայտնել էին, որ կանչով մեկնել են Տիմիրազևի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են 50-60 տարեկան տղամարդու դիակ՝ մարմնին դանակահարության հետքեր:

ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը նշված տան բնակիչ, 1963 թ. ծնված Կարապետ Խ.-ն է: Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 18-ի սահմաններում Տիմիրազևի փողոցի նշված տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Կարապետ Խ.-ին դանակահարել էր 47-ամյա հարևանը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մուշի բաժին, ապա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.